Development Perspectives

Մակրո մակարդակի զարգացումներ

ՀՀ բոլոր բուհերն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կունենան մեկ միասնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ, ինչը հնարավորություն կտա ԿԳՆ-ին հստակ, ճշգրիտ և սեղմ ժամկետում ունենալ վերջիններիս մասին անհրաժեշտ տեղեկատվություն։

 

Միկրո մակարդակի զարգացումներ

Նախատեսվում է ծրագիրը համալրել հետևյալ մոդուլներով.

«Որակի ապահովում» մոդուլի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել բուհի ներքին՝ որակի ապահովման հիմնական գործընթացները, այդ թվում՝ շահակիցների հետ հետադարձ կապի ապահովումը. և´ դասախոսները, և´ վարչական կառույցների աշխատակիցները հնարավորություն կունենան գնահատել կարիքները:

«Պլանավորման բաժին» մոդուլը հնարավորություն կտա իրականացնել բուհի բոլոր գործընթացների, մասնավորապես՝ ռազմավարական պլանի և ռազմավարական ծրագրի մշակման, իրականացման գործընթացների կազմակերպումն ու կառավարումն ըստ ժամանակացույցերի, պատասխանատուների, գնահատման առանցքային ցուցիչների և վերջնարդյունքների, որոնց հիման վրա հնարավոր կլինի ապահովել հաշվետվությունների ստացումը նաև գրաֆիկական տեսքով:

«Մարդկային ռեսուրսների կառավարում» մոդուլը հնարավորություն է տալու ոչ միայն վարել ուսումնական գործընթացի հետ առնչվող աշխատակիցների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների անձնական գործերը գիտա- մանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծման համար, այլ նաև իրականացնել բոլոր աշխատակիցների անձնական գործերի ու աշխատաժամանակի տեղեկագրերի (տաբելների) վարման, հրամանների կազմման, դիպլոմների շնորհման և այլ գործընթացներ:

«Շրջանավարտների և աշխատանքի տեղավորման» մոդուլը թույլ կտա կազմակերպել շրջանավարտների հետ հետադարձ կապը, ապահովել բազայում բոլոր շրջանավարտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը:

«Միջազգային կապերի բաժին» մոդուլը կազմակերպում է դրամաշնորհային ծրագրերի իրականացման և դրանց վերջնարդյունքների ձեռքբերման, հաշվետվությունների կազմման գործընթացները: Մոդուլի շրջանակներում կազմակերպվում և կառավարվում է ուսանողների, աշխատակիցների տեղական և միջազգային շարժունությունը, փորձի փոխանակումը, այդ գործընթացների արդյունավետության գնահատումը, օտարերկրյա և սփյուռքից ժամանած ուսանողների անձնական գործերի վարումը: Մոդուլը հնարավորություն է տալիս ստեղծել բուհի գործընկերների տվյալների բազա, որի մեջ ամփոփվում և արխիվացվում է տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության պատմությունը: Մոդուլի շնորհիվ բուհի միջազգային կապերի համակարգման գործընթացը դառնում է առավելթափանցիկ, բարձրանում է հաշվետվողականությունը:

«Գիտության բաժին» մոդուլը հնարավորություն է տալիս կազմակերպել և կառավարել գիտական ոլորտի դրամաշնորհային ծրագրերը, բուհի աշխատակիցների կողմից իրականացվող գիտական գործունեության արդյունքները, գնահատել արդյունավետությունը, ինչպես նաև ուսանողների ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ:

«Նախապատրաստական ծրագրեր և ցկյանս կրթության բաժին» մոդուլը կազմակերպում և կառավարում է հասարակությանը մատուցվող կրթական ծառայությունները:

«Ընդունող հանձնաժողով» մոդուլը կազմակերպում և կառավարում է դիմորդների հայտերը, հնարավորություն է տալիս համակարգված վերլուծել տվյալ բուհի կամ մասնագիտության դիմորդների տվյալները տարբեր ձևաչափերով:

«Հաշվապահություն» մոդուլի շնորհիվ հնարավոր է ոչ միայն կազմակերպել և կառավարել ուսանողների կրթաթոշակների փոխանցման և ուսման վարձերի վճարման գործընթացը, այլ նաև իրականացնել գույքագրում, աշխատաժամանակի տեղեկագրերի (տաբելների) կազմում, առցանց վճարումներիընդունում:

«Տնտեսական մաս» մոդուլի շնորհիվ հնարավոր է ուսանողներից հանրակացարանում բնակվելու համար էլեկտրոնային տարբերակով դիմումներ ընդունել և պատասխանել դրանց: Մոդուլը թույլ է տալիս ուսանողին գրանցել հանրակացարանում և վճարումների կատարման համար տվյալները փոխանցել հաշվապահություն:

«Պրակտիկայի կազմակերպման բաժին» մոդուլի միջոցով հնարավոր է համակարգել ուսանողների պրակտիկաների պլանավորման, կազմակերպման և գնահատման աշխատանքները: Այս մոդուլում առկա է նաև տեղեկատվություն այն կազմակերպությունների վերաբերյալ, որտեղ ուսանողներն անցնում են պրակտիկա: Այս մոդուլի շրջանակներում հավաքագրված տեղեկատվության հիման վրա կարելի է վերլուծել և գնահատել տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող պրակտիկաների արդյունավետությունը: