The relevance of creation

Եվրոպական և ԱՊՀ երկրների մասնագետների, փորձագետների և հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչների կողմից վերջին տարիներին բազմիցս կարևորվել է ՀՀ բուհերում ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը:

 

Ուսումնասիրվել են եվրոպական, ռուսական, ամերիկյան ընկերությունների կողմից ստեղծված տարբեր համալսարանների կառավարման ավտոմատացման համակարգերը, սակայն դրանց տեղայնացումը հայկական բուհերում առաջ է բերում մի շարք խոչընդոտներ.

 

  • Օտարերկրյա կազմակերպությունները լրացուցիչ մեծ գումարներ են պահանջում իրենց կողմից թողարկվող համակարգերը հայաֆիկացնելու, հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները հաշվի առնելով տեղայնացնելու համար, քանի որ անհրաժեշտություն է առաջանում իրենց համակարգում իրականացնել խորքային փոփոխություններ, ինչպես նաև մասնագետներ գործուղել ՀՀ:
  • Նման համակարգերի ներդրումն ու գործարկումը կախվածություն է առաջացնում օտարերկրյա կազմակերպություններից, քանի որ աշխատանքի ընթացքում կարող է առաջ գալ նոր մոդուլներ ավելացնելու, համակարգում գործառութային այլ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն:
  • Ժամային գոտիների տարբերությունները և շփման բարդությունները հաճախ կարող են դժվարություններ ստեղծել մասնագետների համար և բացասաբար անդրադառնալ ներդրման աշխատանքների արդյունավետության ու օպերատիվության վրա:

Երեք տարիների ընթացքում նախագծվել և ստեղծվել է բուհի համալիր կառավարման համակարգ՝ ծրագրային փաթեթ, որը զերծ է վերոնշյալ խնդիրներից: Համակարգը բազմաֆունկցիոնալ է, օգտագործման տեսանկյունից առավել պարզ, ճկուն ու միաժամանակ կիրառելի և՛ մասնագիտական, և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:

Փաթեթի ստեղծման ժամանակ աշխատանքային խումբը մանրամասն ուսումնասիրել է մի շարք ՀՀ պետական, միջպետական ու մասնավոր բուհերի ուսումնական և կառավարման գործընթացները, բուհական գործի կազմակերպման յուրահատկությունները, Բոլոնիայի գործընթացով պայմանավորված կրթության որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները, հետագա զարգացման հնարավորությունները, արդի պահանջներն ու մի շարք այլ խնդիրներ: Կատարված աշխատանքներն ուղղված են հայկական բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կառավարման մոդելներին հեշտորեն հարմարվող և տեղայնացման համար քիչ ջանքեր պահանջող համակարգի ստեղծմանը: Ծրագրի կարևորագույն կողմերից մեկն այն է, որ այն ինտեգրվում և տեղայնացվում է բուհում՝ հիմնականում օպերատորական մակարդակի գիտելիքներ ունեցող աշխատակազմի միջոցով, և լրացուցիչ ծրագրավորման խնդիրներ չեն առաջանում: Այսինքն, երբ ներմուծվում են ելակետային տվյալներ բուհի գործունեության ոլորտների վերաբերյալ, ծրագիրը ձևափոխվում և հարմարեցվում է տվյալ բուհի չափանիշներին:

ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN (Բոլոնիայի սկզբունքներին համահունչ բարձրագույն կրթության կառավարման համակարգի արդյունավետ բարեփոխումների իրականացում՝ բուհերի ինքնավարության և հաշվետվողականության խթանումով) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ գործընկեր բոլոր բուհերում իրականացվել է ծրագրի ներկայացում, որի արդյունքում բուհերի ղեկավարները, ծանոթանալով ՀԱԱՀ-ում փորձարկման փուլում գտնվող ebuh.am համակարգին, հավանություն են տվել ու ցանկություն հայտնել այն փորձարկել նաև իրենց բուհերում, և արդեն Հայաստանի Հանրապետության ինը պետական, մեկ միջպետական և մեկ մասնավոր բուհերում համակարգը գտնվում է ներդրման փուլում: